ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼևՍ ԿԱՇԱՌԱԿԵՐ, ՎԱԽԿՈՏ ՈՒ ՄԱՆՐՈԳԻ ՈՐևԷ ԻՇԽԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼևՍ ԿԱՇԱՌԱԿԵՐ, ՎԱԽԿՈՏ ՈՒ ՄԱՆՐՈԳԻ ՈՐևԷ ԻՇԽԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
23.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
(սկիզբը` նախորդ համարում)
-Տիգրան Խզմալյանի և Ժիրայր Սէֆիլյանի հետ ի՞նչ եք նախաձեռնել և հանուն ինչի՞:
-Դա վերկուսակցական նախաձեռնություն է, հիմքում մեր մտահոգություններն են, որ չկա Սարդարապատի ոգին, այն, ինչը մեր ժողովրդին գիտակցել է տալիս իր շահերը, վարքագծային կառուցվածքը դարձնում է հայկական:
-Հերթական պատասխանն եք որոնում «Ո՞վ է հայը» հարցի՞:
-Ո՛չ: Եթե գոյություն չունի ընդհանրական հոգեվիճակ, մենք անընդհատ կանգնելու ենք աղճատված որոշումների ու բանաձևերի, արձանագրությունների առաջ, որոնք որևէ կերպ հայ ժողովրդի շահը չեն արտահայտում: Այսօր մտահոգություններն այնքան մեծ են, իրավիճակն այնքան վտանգավոր է հայ ժողովրդի և նրա ապագայի համար, որ Սարդարապատի ոգին է միայն ի վիճակի սպառնալիքների վերածված մարտահրավերներին դիմակայելու: Ներքին դիմադրողականության խնդիր է, եթե դա կորցնենք, եթե հայ ժողովրդի միասնականությունը չվերականգնվեց, կամայական զիջումները կդառնան բնականոն գործընթաց: Մարդիկ կհարմարվեն անվերջ նահանջին` տարածքներն էլ զիջենք, Լաչինի միջանցքն էլ զիջենք, Զանգեզուրում ինչո՞ւ թուրքեր չապրեն, որ... Այդպես մենք կհասնենք ներքին հոգեկերտվածքի փոշիացման:
-Ի՞նչ ելքեր եք առաջարկում:
-Մենք մտադիր ենք ձևավորել անհատներից բաղկացած կոմիտե` անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական ու հասարակական դիրքից, մտադիր ենք ձևավորել լայն ձևաչափով մի կառույց, որն ինքը կորոշի հաջորդ քայլերը` միտված մեկ նպատակի, Սարդարապատի հոգեվիճակը Հայաստանի համար ամբողջացնելու, ստեղծելու այն, ինչ օրեր շարունակ հնչող զանգերի պայմաններում հայ ժողովրդին տարավ անպարտելի համարվող բանակի դեմ, որ Բոսֆոր-Դարդանելն էր պահում, պարտության էր մատնել անգլիացիներին, բայց խայտառակ պարտություն կրեց Երևանի մատույցներում:
-Այն ժամանակ հնչող զանգերը ոտքի հանեցին իսկապես բոլորին` անկախ քաղաքական, հասարակական դիրքից, տարիքից, սեռից: Այսօր այնքան շատ զանգեր են հնչում, որ անտարբեր ենք դարձել:
-Մեր խնդիրը պետք է լինի այդ ուղղությամբ աշխատելը: Մեզ պետք է ոտքի կանգնելու պատրաստ ժողովուրդ, ոտքի կանգնած ժողովրդի պարագայում քաղաքական վեկտորի ապահայկականացում չի կարող տեղի ունենալ:
-Ե՞րբ ու ինչպե՞ս է հնարավոր մի կերպ իր օրվա հացը ստեղծող ժողովրդին ոտքի հանել:
-Դա հնարավոր չէ ո՛չ որոշել, ո՛չ ասել, պետք է պարզ պատկերացնել` մենք գնում ենք գործողությունների ու գործունեության, որ միտված է լինելու, հայտնի չէ ինչ ժամանակամիջոցում, համընդհանուր հոգեվիճակը վերականգնելուն:
-Ամբողջ աշխարհում հազարամյակներ շարունակ մշակույթն օգտագործվում է իբրև ամենադիպուկ ու սուր գործիք` հասարակական կարևորության հարցերը լուծելու անհրաժեշտության դեպքում, Հայաստանում դա հասկացվում է իբրև ընտրարշավում քաղաքական գործիչների ելույթների «ռազագրև»:
-Հայաստանում շատ բաներ են գլխիվայր, ոչ միայն դա: Մեր հեռուստատեսությունը, որ վիթխարի ներգործություն ունի, ծուռ հայելիների համակարգ է, որ ցույց է տալիս այն, ինչը չկա: Նայում ես ու ինքդ քեզ հարց ես տալիս` էս Շվեյցարիան ինչի՞ մեզնից էսքան հետ մնաց, հեռուստացույցն անջատում ես, հայտնվում ես «Իսկ ո՞ւր է Շվեյցարիան» վիճակում: Հոգևոր էկրանի, որ դիմադրության էկրան է, սնուցումը համանման փորձությունների ժամանակ ամենօրյա գործ է և չի կարող դիտարկվել առանձին վերցրած մարդկանց շահերի շրջանակում: Մենք աղճատել ենք նաև մշակույթը:
-Մենք մշակույթը ևս դարձրել ենք որոշակի խավերի շահերի սպասարկման ոլորտ:
-Մտավորականին հնարավոր չէ սպասարկման ոլորտ տանել, նա չունի այն շահերը, որոնք իրեն ստիպեն սողոսկել, քծնել: Մեր դեպքում մշակույթի գործիչների հսկայական մի բազմության ուշադրության կենտրոնում մի խնդիր է` ո՞նց օրվա իշխանությունների գովերգման երակը գտնել ու անհրաժեշտ հատուցումը ստանալ:
-Առաջ մտածում էի, որ հացի խնդիր է, իսկ դա դժվար խնդիր է, բայց այդ գործով առավել հաճույքով ու հաջողությամբ զբաղվում են այդ խնդիրը չունեցողները, ինչո՞ւ:
-ԽՍՀՄ-ի ժամանակ կային հեղինակներ, որոնք գրում էին իրենց գզրոցների դարակների համար, մենք էլ մտածում էինք` մեր գրողներն ինչեր են գրում, ինչից ենք զրկվում...
-Այո՛, ու երբ բացվեցին հայ գրողների գզրոցները, տպագրվեց միայն Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարերը», որովհետև այլևս գեղարվեստական ոչինչ չկար...
-Հա, Չարենցից էլ մի քանի անտիպներ, ու մենք սպառվեցինք: Պարզվեց` մեր մշակութային շիթը սնանկ էր: Մարդիկ, ովքեր իրենց ներսում պետք է ունենային հրո ճարակը, չունեին... Խնդիրը հիմա այդ ներքին ողնաշարն ունեցող մարդկանց գտնելն է, փշուրների հետևից չգնացողների: Մշակութային գործիչը պետք է իրականությանը հակադրված լինի: Մեզ պետք են այսօրվա հասարակության խիղճն արտահայտող մարդիկ, մեզ պետք է վերականգնել այդ դաշտը: Հայ հասարակությունը մինչև չհավատա, քայլ չի անելու, իսկ հավատալու է, երբ մարդկային որակները տեսնի, մեզանում ամենահարգված քաղաքական գործիչը երկու անգամ մանևրում է, ժողովուրդն այլևս ձայն չի տալիս նրան, որովհետև ժողովուրդն ուզում է տեսնել առանցքային կերպար, որին հնարավոր չէ գնել:
-451 թ., կար Վարդան Մամիկոնյան, կար Վասակ Սյունի, և կար արքայից արքա Հազկերտի` հայերից դավանափոխություն պահանջող նամակը։ Վարդա՞նն էր ճիշտ, որ ասում էր` «Մեռնենք, որ ապրենք», թե՞ Վասակը, որ ասում էր` «Ապրենք, տեսնենք` ինչ է լինում»:
-Գայլ Վահանն էր ճիշտ: Այս երկուսի ստեղծած իրավիճակից նա հանեց երկիրը և հանեց հաղթած, նա հայտարարեց ի լուր բոլորի, որ Հայաստանում այլևս կաշառակեր, վախկոտ ու մանրոգի որևէ իշխան չի լինելու: 20 տարի պատերազմելով` միթևանի այդ մարդը հաղթեց պարսիկներին, ու նրանք հանգիստ թողեցին հայերին: Նա ասում էր, որ 20 տարի կռվում էր, որովհետև հայ իշխանների մեջ այդ քստմնելի հատկանիշները եղել են, մեր վիճակը չի կարող լավ լինել, քանի կան նման իշխանավորներ...
-Փաստորեն, մենք էլ ենք Մովսես ու ինքնամաքրման անապատ ունեցել, իսկ ե՞րբ ենք մեր Ավետյաց երկիրը հասնելու:
-Երբ յուրաքանչյուրի անձնական պատասխանը դառնա բոլորի ընդհանրական պատասխանը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ